Մինչև ամպեր (մաս 1. Ես եմ՝ ինչպես հրեշտակ)

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

10-1

 

Ես եմ՝ ինչպես հրեշտակ

Մաս 1 

 

Ողջույն, ես Ասյան եմ՝ մի աղջիկ, ով երբեք չի դառնա սովորական։ Ես 12 տարեկան եմ, անկեղծ ասած չունեմ ընկերներ ու երբեք էլ չեմ ունեցել։ Ես ապրում եմ այս քաղաքում՝ Երևանում։ Հաճախում եմ դպրոց, ունեմ հոգատար ծնողներ, բայց ինչ լրացել է իմ 12 տարին, ես երբեք երջանիկ չեմ եղել։ Դպրոցում ինձ տարօրինակ են համարում և չեն խոսում հետս։ Ես չեմ էլ ուզում ընկերներ ունենալ, նրանք ինձ պետք չեն, միևնույն է, ինձ չեն հասկանա։ Իզուր չէ, որ ես մենակ եմ, որովհետև նույնիսկ ծնողներիս հետ հազվադեպ եմ շփվում։ Ոչ ոքի չեմ վստահում, չեմ պատմում իմ գաղտնիքները և զգացմունքները։ Ես ինքս արդեն վաղուց դարձել եմ իմ միակ ընկերը։ Հաճախ փախչում եմ դպրոցից և գնում մի հին տան մոտ։ Այնտեղ ոչ ոք չի ապրում, միայն պատերն են մնացել։ Ես ժամերով նստում եմ պատուհանին և նայում արևին։ Միշտ մտածել եմ, որ արևը մայր մտնելուց առաջ լուսավորում է իր շուրջը գտնվող բոլոր ամպերը։ Իսկ ես՝ ոչ։ Ես ոչ ոքի չեմ ուրախացնում, ինքս էլ համարյա չեմ ժպտում։ Ծնողներս այդպես էլ չկարողացան բացահայտել իմ վարքի գաղտնիքը։ Ես ինքս էլ դա չհասկացա, բայց ասեմ մի բան, ես թևեր ունեմ՝ ինչպես հրեշտակը։ Ես երբեք հրեշտակ չեմ տեսել, բայց կարդացել եմ, որ դրանք սպիտակ են և այնքան երկար, որ կարողանում են օդ բարձրացնել հրեշտակներին։ Ցավոք, ես չեմ կարողանում թռչել։ Ամեն գիշեր ես գաղտնի գնում եմ տանից, և մի խուլ փողոցում ամեն անգամ փորձում թռչել։ Ինձ ասես մագնիսի նման ձգում է թռիչքը, ես գիտեմ, որ պետք է մի օր օդ բարձրանամ և ամպերից էլ բարձր լինեմ, նայեմ արևին երկար և երկար։ Եվ այդպես ամեն անգամ ես ընկնում եմ և վնասվածքներ ստանում։ Ոչ ծնողներս, ոչ էլ որևէ մեկը չգիտի իմ գաղտնիքի մասին։ Իմ թևերը հայտնվեցին 12 տարին լրանալու գիշերը։ Ես այնքան վախեցա, որ նույնիսկ չհամարձակվեցի ծնողներիս ասեմ։ Ես մինչև հիմա էլ լավ կարողանում եմ թաքցնել դրանք` մեծ երկար և լայն թիկնոցի շնորհիվ։ Իմ թևերը մեծ են, ամպերից էլ սպիտակ և այնքան երկար, որ ձեռքերիցս անցնում են, և ես ստիպված մի քիչ ծռում եմ ծայրերը, որ չերևան։

Այսպիսով` սա է իրականությունը։ Բայց կա մի բայց. ես դեռ չեմ կարողանում թռչել, ինձ օգնություն է պետք։ Բայց ում կարող եմ ես վստահել, ով կարող է օգնել ինձ և պահել իմ գաղտնիքը։ Ես դա դեռ չգիտեմ։

 

Երեկ ես գնացի դպրոց սովորականի նման երկար ճանապարհով՝ ուշ հասնելու համար։ Իմ դեմքին, ինչպես միշտ, ուրախության մի նշույն էլ չկար։ Ես դասարանում տեսա մի տղայի, նա շատ տարօրինակ էր, այսինքն` նման չէր մյուս հասակակիցներին։ Նա էլ ոչ ոքի հետ չէր խոսում, չէր ժպտում և միշտ մենակ էր։ Ես նրան հետևեցի շաբաթներ շարունակ։ Նա նույն բաներն էր անում ամեն օր։ Գալիս էր դպրոց մենակ, նույն պայուսակով, նստում էր մենակ, դասերին պատասխանում էր հազվադեպ, երևի նրան դասերը ընդհանրապես չէին էլ հետաքրքրում։ Հետո մենակ տուն էր գնում և սկսում դասերն անել մինչև քնելը։ Այդ ամբողջ ընթացքում նա ականջակալներով էր և չի հանում դրանք։ Նա շատ տարօրինակ թվաց ինձ։ Նրանով ոչ ոք չէր հետաքրքրվում, բացի ինձանից։ Այսպիսով` ես որոշեցի, որ հենց նրան էլ կվստահեմ իմ գաղտնիքը և կխնդրեմ` օգնի ինձ։

 

Շարունակելի․․․

 

Write a comment

Comments: 5
  • #1

    Նունե Մովսիսյան (Tuesday, 09 August 2016 10:25)

    Վերջապես: Այ դու բարով հայտնվեցիր Ասիա, որ կոչվի Գոհար ջան: Սպասում էի, էէէէէէէէէէ:

  • #2

    Obat batuk Anak (Wednesday, 10 August 2016 03:19)

    Go Pokemon GO!!!!

  • #3

    Chitosan Plus Capsule (Friday, 12 August 2016 05:06)

    always in my mind this website

  • #4

    Աստղ Կիրակոսյան (Saturday, 13 August 2016 13:36)

    Ինձ ծանոթ են դասարանցիները :) ... այնքան քաղցր էր Գոհար ջան, որ անհամբեր սպասում եմ 2,3... մասերին:

  • #5

    Գոհար Հովհաննիսյան (Monday, 15 August 2016 03:27)

    Շուտով կհրապարակեմ նաև երկրորդ մասը :) Սպասեք շարունակությանը