Սիրանուշ Ասատրյան
Ավագ դպրոց
10-1 դասարան
Միշտ ցանկացել եմ բարձրանալ Հայաստանի ամենաբարձր լեռը՝ Արագածը, այն միշտ էլ ինձ թվացել է անհաս բարձունք: Եվ ահա՝ օգոստոսի 6-ին, Արագածն ինձ համար դարձավ հասանելի: Ահա թե ինչպես. օգոստոսի 3-ին կարդացի տիար Գևորգի` Արագած բարձրանալու հայտարարությունը: Որոշեցի մասնակցել և իրականացնել իմ վաղեմի երազանքը:
Արագածը հենց սկզբից ինձ զարմացրեց իր քարքարոտությամբ: Ամբողջ ճանապարհին սնկեր էին աճում և ծաղիկներ: Զարմանալի նաև այն էր, որ նույնիսկ գագաթի վրա` քարերի արանքից, աճում էին անմոռուկներ ու երիցուկներ: Շրջակայքում կային ձյան շերտեր, բայց ամենևին ցուրտ չէր: Մի փոքր ցրտեց միայն գագաթի մոտ, երբ սառը քամի սկսվեց: Սկզբում, երբ դեռ Քարի լճի մոտ էինք, ես պատկերացում անգամ չունեի, թե դեռ ինչքան պիտի զարմանամ:
Մեր խմբում ամենակրտսերը ես էի: Երբեք մեծերի հետ ճամփորդության չէի գնացել: Հիանալի խումբ էր հավաքվել, բոլորն էլ լավ արշավորդներ էին, բոլորի հետ էլ զրուցել եմ: Մենք քայլում էինք խմբված, արագ և բավականին շուտ հասանք Արագածի հարավային գագաթ, ինչը հնարավորություն տվեց ցանկացողներին բարձրանալ նաև արևմտյան գագաթ:
Մեզ առաջնորդում էր տիար Գևորգի համակուրսեցին՝ պարոն Հրաչը: Իմացա, որ նա Արագածի չորս գագաթներն էլ բարձրացել է բազմաթիվ անգամներ՝ ձմռանը, ամռանը, գիշերումով կամ առանց դրա: Նույնիսկ պատահել է, որ նա մեկ օրում է հաղթահարել չորս գագաթները: Պարոն Հրաչի համար հարավային գագաթ բարձրանալը այնքան հեշտ էր, որ նույնիսկ մեր համար ձմերուկ էր բարձրացնում, որպեսզի գագաթին ուտենք:
Հարավային գագաթ հասնելուն պես հանգստացանք, վայելեցինք գեղեցիկ տեսարանը, որը բացվում էր գագաթից՝ երևում էին խառնարանը (խորությունը՝ 400մ, իսկ տրամագիծը՝ 2 կմ) և մնացած երեք գագաթները, կերանք ձմերուկը: Այնուհետև, արևմտյան գագաթ բարձրանալու ցանկություն ունեցողները կազմեցին նոր խումբ: Քանի որ ես դեռ չէի հոգնել (Արագածի մաքուր օդի շնորհիվ) որոշեցի միանալ խմբին և շարունակել արշավը: Մեր նոր խումբը համեմատաբար փոքրաթիվ էր. պարոն Հրաչը՝ մեզ առաջնորդող լեռնագնացը, տիար Գևորգի դուստրը՝ Անահիտը, քանդակագործ ընկեր Աշոտը և ես՝ 10-րդ դասարանցի Սիրանուշը: Արևմտյան գագաթ բարձրանալը այնքան էլ դյուրին չէր: Ճանապարհն անցնում էր կտրուկ վերելքով, որը պատված էր անկայուն դասավորված քարերով, որոնց վրա հենվելիս դրանք կարող էին սահել ոտքիդ տակից:
Հաղթահարեցի այդ դժվարությունները և հասա գագաթ: Ահա, վերջապես, մենք 4000 մ բարձրության վրա ենք` ամպերից էլ վեր: Նայում էինք ներքև և տեսնում լողացող ամպերի կույտեր: Ցանկություն էր առաջանում նետվել ամպերի մեջ և լողալ:
Հետադարձի ճանապարհին իջնում էինք ձյուների միջով: Այնքան հավես էր, ես սահում էի, վազում, հանկարծ սայթաքում և ընկնում ձյան մեջ, վեր կենում, սահում ու նորից սայթաքում՝ ընկնում... Վերջապես հասանք Քարի լիճ, որտեղից որ սկսել էինք մեր արշավը, և միացանք մեզ սպասող հիմնական խմբին: Ընդհանրապես հոգնածություն չէի զգում, նույնիսկ Երևան վերադառնալու ճանապարհին ավտոբուսի մեջ չքնեցի:
Լեռ բարձրանալը պարզապես քայլարշավ չէ, այն ինքնահաղթահարում է, ինքնաճանաչում:
Շնորհակալ եմ տիար Գևորգին` մեզ Արագած տանելու համար: Ես մեծ հաճույքով կցանկանամ կրկին արշավել դեպի Արագածի բարձունքները և կսպասեմ հաջորդ անգամներին:
Ֆոտոպատումը կարող եք տեսնել իմ բլոգում:
Write a comment
Նունե Մովսիսյան (Sunday, 14 August 2016 09:41)
Սիրուն ես պատմել, Սիրանուշ ջան, ապրես:
Սիրանուշ Ասատրյան (Wednesday, 17 August 2016 06:04)
Շնորհակալություն տիկին Նունե։
manfaat gastric health tablet green world (Saturday, 27 August 2016 03:50)
manfaat gastric health tablet green world