Կյանքի նախշերը

Վիկա Նավասարդյան

10-1

 Բակից տուն վազեց Խաչոն։ Տատը նրան հարցրեց․

―Խաչո՛, ասա՛, դու գիտե՞ս, թե ինչպես պետք է շփվել մարդկանց հետ։

 Հարցից զարմացած՝ Խաչոն նստեց ու մտքերի մեջ ընկավ։

 Տատը մոտեցավ նրան, ձեռքը դրեց ուսին և ասաց․

―Երբ մարդիկ շփվում են, նրանց միջև սկսում են նախշեր հյուսվել։ Դրանք մենք կյանքի նախշեր ենք անվանում։ Որքան ավելի գեղեցիկ են այդ նախշերը, այնքան կյանքն ավելի լավն է դառնում Երկրի վրա։ Հանդիպում են երկու մարդ․ իրար լավ խոսքեր են ասում, և ծաղկում են կյանքի նախշերը։ Ու լեռներից այն կողմ՝ հեռավոր ճամփեքին, մի երրորդ մարդու էլ են նրանք օգնում։ Այդպես էլ քեզ են այդ նախշերն օգնում, Խաչո՛։ Որքան ավելի գեղեցիկ են կյանքի նախշերը, այդքան ավելի մեծ է նրանց զորությունը։

 Երբ նախշերը տգեղ են, չար, սպանում են մարդկանց, պատճառ դառնում երկրաշարժերի, պատերազմների, հիվանդությունների։ Եվ բոլոր նախշերը, որոնք դու կստեղծես, Խաչո՛, միշտ կապրեն քեզ հետ և կկերտեն քո կյանքը։

 Եվ ամեն երեկո, երբ տուն ես մտնում, հիշի՛ր օրվա մեջ ասածդ ու արածդ և տե՛ս՝ ի՜նչ նոր նախշեր ես հյուսել մարդկանց համար․․․

Այդպես է պետք շփվել մարդկանց հետ։

 Հիշի՛ր, Խաչո՛։

 Իմաստո՛ւն Խաչո։

©Վադիմ Մարտիրոսով

 

Write a comment

Comments: 1
  • #1

    lycopene softgel (Saturday, 17 September 2016 07:06)

    hello, I am very comfortable being here ^_^ >> http://yudaherbal.com/lycopene-softgel/ <<