Դու ստիպեցիր

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց

10-1

 Դու թողեցիր, որ ես արտասվեմ: Ու թող քո ռիսկին նախանձեն բոլորը: Չեմ չարանում, բայց բարկությունս խեղդում է: Ինձ հետ այդպես չեն վարվում, ես արժանի չեմ դրան: Այդ քայլիցդ հետո` չգիտեմ ինչքանով հաշվի առա հարազատ մարդ լինելդ ու մեր մտերմությունը: Մտերիմն ու հարազատն այդպես չէին վարվի...  Ինչևէ: Բարկությանս չափ ու սահման չկար, բայց չկարողացա բարկանալ: Ոչ թե նրա համար, որ անգիտակցաբար է արվել, այլ նրա համար, որ այնքան իմն է, ուղղակի շատ է միամիտ ու անհասկացող: Անհասկացողս...:  Չհասկացա` ինչ կատարվեց ինձ հետ, բայց ոչ լսում էի, ոչ կարողանում էի խոսել: Զուր է իմ խոսելը, իմ ինչին է պետք լսել սեփական բլբլոցը: Այնքան բարկություն կար, որ կհերիքեր մեզ ամբողջ կյանք օտար դառնալուն, բայց մի պահ պատկերացրի քեզ միայնակ, իմ միամիտ ու անհասկացող: Մոլոր-մոլոր ու աչքերդ դատարկ: 

    Ինչ էր անելու, ում էր ունենալու, կկորեր, թե կգտներ: Մտքերս հավաքեցի ու մի հեռու տեղ պահեցի: Նայեցի իր արտասվող աչքերին ու ժպտացի: Ոչ ուզեցի խոսել, ոչ էլ...: Թողեցի, գնացի, ավելին ընդունակ չէի, սիրտս չէր թողնի:

    Վաղը օրը կբացվի, ես ուրիշ մարդ կլինեմ, ինքը` էլի նույնը: Ակնոցների տակից տխուր կնայի, կուզենա հարցնի՝ վե՞րջը ինչ: Ես կժպտամ ու կանցնեմ: Ավելին ընդունակ չեմ: 

     Ո՛չ վերջն է, ո՛չ էլ սկզբի է նման: Շարունակում եմ ժպտալ ... Ավելին ընդունակ չեմ:  

Write a comment

Comments: 0