Սևան, դու չես դադարում զարմացնել ինձ

Գոհար Հովհաննիսյան 

Ավագ դպրոց 

10-1 դասարան 

«Ճամփորդությունը սովորեցնում է շատ ավելին, քան որևէ այլ բան: Երբեմն մեկ օրը` անցկացրած այլ տեղում, ավելի շատ բան է տալիս, քան տանը անցկացրած տասը տարին»: (Անատոլ Ֆրանս)
Էլի ճամփորդություն և էլի նոր արկածներ։ Այս անգամ էլ Սևան: Ճամբարը ավագ դպրոցում սովորելու հնարավորություն էր, ինչպես ասել էր տիար Բլեյանը: Դե իհարկե, ես ուզում եմ սեբաստացի մնալ և ճամբարով ավագ դպրոցի անցումը ինձ համար ամենահետաքրքիրն էր: Ճամբարի առաջին ձեռքբերումը համարում եմ նոր ընկերական միջավայրը և  հնարավորությունը ծանոթանալու մեր կրթահամալիրի նոր սովորողներ-սեբաստացիների հետ: Կարող եմ վստահությամբ ասել, որ բոլորն էլ շատ լավն են, ճիշտ է՝ շատ տարբեր, բայց, միևնույն է, նոր ծանոթությունները միշտ էլ հաճելի են։ Զավեշտալի դեպքեր, համով զրույցներ, լող Սևանում, միջավայրի, տարածքի խնամք, ինքնասպասարկում ահա և մեր ճամբաը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հին թե նոր ընկերներին, նրանք դարձրեցին իմ այդ 4 օրը ուղղակի հիանալի։ Հենց նրանք չթողեցին, որ ես ձանձրանամ և տխրեմ, չէ որ ճամբարը ուրախանալու, ընձեռված բոլոր հնարավորությունները վայելելու համար է։
Սևանում հանգստացողների համար տպավոիչ էր մեր Վարդավառը,որը անցկացրեցինք ինչպես հարկն էր՝ ծիսական ավանդույթներով, պարով և ուրախությամբ։ Շրջապատի բոլոր մարդիկ հավաքվել էին մեր պարի շուրջը և ուշադրությամբ հետևում մեզ,դե իսկ ընկեր Ստեփանն էլ նրանց ներգրավեց մեր պարում ու մեր շրջանը մեծացա:
Սևանը հնազանդ էր այս անգամ՝ միշտ արև էր՝ հաճելի բրիզի ուղեկցությամբ:Միայն վերջին օը մի քիչ բարկացավ ու մենք մի փոքր թռչվեցինք: Սակայն անգամ անձրևը մեզ չխանգարեց՝ եկավ ընկեր Բորիսը և փրկեց մեզ թռչվելուց՝ բոլորս տեղափոխվեցինք փայտե տնակ ու տաք ու հարմար տեղավորվեցինք այնտեղ:
Ամեն բան հետաքրքիր էր և անմոռանալի, լավ առիթ էր շրջապատիդ ավելի մոտիկից ճանաչելու համար։ Հուսով եմ, այսպիսի ուրախությամբ էլ կսկսեմ իմ նոր ուսումնական տարին։ Դեռ որքան ճամփորդություններ ունեմ առջևում...

Write a comment

Comments: 0